Ray-Ban ապրանքանիշի ակնոցների լեգենդար մոդելները ստեղծման առաջին օրվանից մնացել են պատմության մեջ՝ առաջարկելով վինտաժ ու գերժամանակակից ոճային լուծումներ և մշտապես լինելով պարզության, որակի, հարմարավետության խորհրդանիշ։
Ray-Ban Aviator
Ray-Ban Aviator մոդելը թերևս ամենահայտնի ակնոցի մոդելներից է ինչպես Ray-Ban ապրանքանիշի, այնպես էլ առհասարակ ակնոցների պատմության մեջ։
Aviator մոդելը թողարկվել է 1937 թվականին և մինչ օրս պահպանում է իր դասական ձևը՝ մետաղե բարակ շրջանակ, կրկնակի կամրջակ, արցունքաձև ոսպնյակներ։
Հետաքրքրական է այն փաստը, որ մոդելը ի սկզբանե նախատեսված է եղել ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդաչուների համար աչքերը կուրացնող արևի ճառագայթներից պաշտպանելու նպատակով։ Գործնական նշանակությունից ակնոցի այս մոդելը վերածվեց նորաձև աքսեսուարի՝ գրավելով միլիոնավոր մարդկանց սրտերը և դառնալով հանրահայտ աստղերի ու քաղաքական գործիչների սիրելի մոդելը։


Ray-Ban Shooter և Outdoorsman
Ինչպես Aviator մոդելի, այնպես էլ Shooter և Outdoorsman մոդելների դիզայնը ի սկզբանե թելադրված է եղել գործնական կիրառելիությամբ։
Shooter անվանումը բառացի թարգմանվում է հրաձիգ․ անվանումն արդեն հուշում է, որ ակնոցը ստեղծված է եղել հրաձիգների համար, որոնց համար խոչընդոտ էին հանդիսանում արևի ճառագայթները՝ նշանառություն կատարելիս։ Ակնոցի մոդելը տարբերվում է երրորդ կամրջակով և ոսպնյակների մեջտեղի հատվածում բարակ մետաղե կլորակով, որը նախատեսված է եղել ծխախոտը հարմարեցնելու նպատակով։
Մեկ տարի անց՝ 1939 թվականին, թողարկվեց Outdoorsman մոդելը, որը նախատեսված էր որսորդությամբ զբաղվողների համար և աչքի էր ընկնում կեռ պոչիկների ծայրերով, որպեսզի ավելի հարմարավետ լիներ կրելը։ Կրկին, գործնական կիրառելիությունը ստեղծել է կանոններ ոճային դետալների ստեղծման համար։

Ray-Ban Wayfarer
1950-1960-ական թվականներին նոր թափ առնող ռոքնռոլ արվեստը, ազատ և անկաշկանդ դրսևորումները նորաձևության մեջ դարձան Ray-Ban ապրանքանիշի համար ուղենշային՝ ստեղծելու ժամանակի շունչը կրող լեգենդար Wayfarer մոդելը։ 1952 թվականին թողարկված մոդելը դարձավ դասական համաշխարհային կինեմատոգրաֆիայի և ռոք աստղերի համար։ Հատկանշական է, որ Wayfarer մոդելի դիզայնը ստեղծվել է 1950-ականների Cadillac ավտոմեքենայի ետնամասի նմանողությամբ՝ շրջանակին անհատականություն հաղորդող 20° թեքվածությամբ։


Ray-Ban Clubmaster
1986 թվականին ապրանքանիշը թողարկեց Clubmaster մոդելը՝ ոգեշնչված լինելով ժամանակների ակումբային կյանքի և մշակույթի ազատությամբ։ Մոդելի ձևը այնքան հայտնի դարձավ, որ հոնքագծով (browline) շրջանակի ձևը սկսեց անվանվել «clubmaster»:

Ray-Ban անունը մինչ այսօր շարունակում է մնալ որակյալ ակնոցների հոմանիշ՝ ստեղծելով այնպիսի մոդելներ, որոնք փոխում են ակնոցների ստեղծման պատմության դիմագիծը։